Saturday, May 29, 2010

Խաչը` որպես խորհրդանիշ


Խաչը մարդկության կողմից օգտագործվող ամենահին ունիվերսալ խորհրդանիշերից է: Այն կիրառվում էր հնագույն քաղաքակրթություններում. թե Եգիպտոսում, թե Չինաստանում, թե Մեսոպոտամիայում: Դա տիեզերքի խորհրդանիշն էր` բերված ամենապարզ ձևի: Այն աշխարհի կենտրոնն է, որտեղ երկրային հորիզոնական գիծը խաչվում է երկնային ուղղահայացի հետ, դառնալով շփման կետ Երկրի և Երկնքի միջև:
Խաչը նաև միկրո- և մակրոկոսմի միասնության հիմնական խորհրդանիշն է: Ձեռքերը դեպի կողք պարզած մարդը նման է խաչի, սա միկրոկոսմն է, որ արտացոլումն է ամբողջ տիեզերքի մի անհատի մեջ: Այս կերպարը արտահայտում է հոգեկան ամբողջականությունը, ոգու միասնությունը նյութականի հետ, որն անհրաժեշտ է կյանքի լիարժեքության համար:
Բայց առջին հերթին խաչը Քրիստոսի խորհրդանիշն է, նրա խաչելության, հետևաբար նաև, քրիստոնեական հավատքի և Եկեղեցու խորհրդանիշը:
Այսպես կոչված Հունական խաչը հնագույն ժամանակներից օգտագործվում էր որպես աստծու սիմվոլ /արևի, անձրևի աստծու/, միավորում էր այն էլեմենտները, որոնցից ստեղծվել է երկիրը. օդը, հողը, կրակը և ջուրը/: Քրիստոսի հայտնությունից հետո հունական հավասարաթև խաչը /crux quadrata/ վաղ քրիստոնյաները ընտրում են որպես Նրա խորհրդաինշ:
Սակայն հետագայում ավելի մեծ տարածում ստացավ լատինական խաչը /crux imissa/, որն ավելի է նման մարդուն տարածած ձեռքերով, համարվում է, որ հենց սրա վրա են խաչել Քրիստոսին, այն ուղղակիորեն դառնում է Քրիստոսի տառապանքների նշան: Այս խաչը անվանում են ինչպես Խաչելության, Տառապանքների, այպես էլ Կյանքի խաչ: Գողգոթայի խաչ է կոչվում լատինական այն խաչը, որ ներքևում երեք աստիճաններ ունի, դրանք խորհրդանշում են գթասրտությունը, հույսն ու հավատը: Լատինական խաչի ավելի արտահայտված ձգտումը դեպի վեր սիմվոլիկ կերպով ընդգծում է հոգևոր կապի կարևորությունը:
Հայկան մշակույթի համար խաչը հատկապես մեծ նշանակություն է ունեցել: Դառնալով առաջին քրիստոնյա ազգը հեթանոս, իսկ հետո նաև մուսուլման հարևանների շրջապատում, հայերը պետք է ինչ-որ կերպ պաշտպանեին սեփական կրոնական ինքնությունը, որը այնուհետև դարձավ գրեթե նույնական ազգային ինքնության հետ:
Հենց այս պատճառով է, որ խաչի պատկերումը, բոլոր քրիստոնյաների մոտ հանդիպող եկեղեցիների և հոգևոր գրքերի սահմաններից բացի սկսում է ինքնուրյույն նշանակություն ստանալ` խաչքարերի տեսքով: Դա փորագրված, որպես կանոն ուղղաձիգ տեղադրվող տափակ քարե սալեր են, որոնք հայերը պատրաստում են քրիստոնեության ընդունման նույն չորրորդ դարից սկսած: Այն անհատական կոթող էր հանդիսանում, սակայն միևնույն ժամանակ, բացօթյա տեղադրությամբ և բոլորին խաչին երկրպագելու հրավիրող արձանագրությամբ բաց էր ցանկացած հավատացյալի համար:
Խաչքարերը դրվում էին թե եկեղեցիների մուտքերի մոտ, թե ճանապարհներին ու սահմաններին /որոնք նույնպես կարևոր են սիմվոլիկ իմաստով/, թե քրիստոնյաների գերեզմանններին /միշտ ունենալով սակայն ուղղաձիգ դիրք, ինչը տարբերում էր խաչքարը տապանաքարից/: Խաչին տրվում էր բարեխոսի նշանակություն առ աստված, մարդկանց և աստծո միջև միջնորդի դեր:
Հայկական վաղ խաչքարերին /ինչպես և վաղ քրիստոնեական խաչերին/ հատուկ են շրջանի մեջ առնված շառավղաձև լայնացող թևերով հավասարաթև խաչերը, որոնք շրջապատված են հավատացյալների հոգիները խորհրդանշող աղավնիներով և տեղադրված են այգային-դրախտային միջավայրում: Հետագայում /5-րդ դ. կեսերից սկսած/ ավելի մեծ տարածում ստացավ ձգված համամասնություններով խաչը, որը պատկերագրորեն հանդես էր գալիս որպես տիեզերքի կենտրոնում` Դրախտային լեռան վրա կանգնեցված կենաց ծառ: Այսպիսով հղում էր կատարվում խաչելությունը, բայց և ուղղվածություն կար և դեպի ապագան:
Խաչելությամբ փրկագործությունը մատչելի կերպով բացատրելու համար հայ վարդապետները օգտագործեցին ժողովրդի համար ծանոթ այգային այլաբանությունները. ինչպես որ խաղողն է հնձանում ճզմվելով վեր ածվում ՙանմահական՚ հեղուկի, այնպես էլ Քրիստոս-աստվածը խաչի վրա թափեց իր արյունը ի փրկություն մեղսագործ մարդկության, իսկ Իր ուսմունքը յուրացնելը մարդկանց համար բացում է դեպի դրախտ տանող ճանապարհը: Այս դրախտային-այգային կերպարն էլ դարձավ խաչքարային հորինվածքի հենքը, իսկ խաղողը համաշխարհային մշակույթում էլ սկսեց կիրառվել որպես Քրիստոսի խորհրդանիշ:
Այսպիսով, մենք տեսնում ենք, թե որքանով է կարևոր խաչի սիմվոլը և դրա նյութական կրող հանդիացող խաչքարը` որպես քրիստոնյա մարդու ինքնության ձևավորման և հաստատման նշան: Իզուր չէ, որ, օրինակ, ադրբեջանցիների համար քրիստոնյա հայերից մնացած հետքերի և դրանց ազդեցության վերացման կարևորագույն միջոց հանդիսացավ այս մշակութային ժառանգության ավերումը:
Հայտնի է, որ հին հայկական Ջուղա քաղաքում տնտեսա-մշակութային աճը 15-16րդ դարերում բերեց խաչքարագործության արվեստի աննախադեպ զարգացմանը: Շահ Աբբասը 17-րդ դարում ստիպողաբար տեղափոխեց բնակչությունը նոր գրավված Արևմտյան Հայաստանի տարածք` վերջինս չկորցնելու համար, իսկ քաղաքն այրեց, վերացնելով կյանքն այնտեղ: Բայց, չնայած դրան, 20-րդ դարում դեռ պահպանվել էին մի քանի եկեղեցիների ավերակները ու գերեզմանոցը, որտեղ սկզբնականորեն 10 000 խաչքար էր եղել: Խորհրդային տարիներից ի վեր, երբ Նախիջևանի տարածքը փոխանցվեց Ադրբեջանին, խաչքարերն էլի ավիրվում էին. 70-80-ականներին երկաթուղի անցկացնելու նպատակով, իսկ 1998-ից` ընդհանրապես առանց պատճառաբանությունների` մինչև որ 2005 թ.-ին ադրբեջանական ռազմական ուժերը վերջնականորեն կազմակերպված կոտրեցին, մանր բեկորների ու փոշու վերածեցին հայերի մասին վկայող վերջին 2 000 խաչքարերը: Չօգնեց նույնիսկ ՅՈՒՆԵՍԿO-յի միջամտությունը:

No comments:

Post a Comment