Monday, November 1, 2010

Շան սիմվոլը հայկական և հունական դիցաբանություններում

Իսկ հիմա անդրադառնանք դիցաբանությանը: Հայտնի է, որ հայկական և հունական դիցաբանություններն ունեն բազմաթիվ նման խորհրդանիշներ: Դրանցից մեկը շան կերպարն է:
Հայտնի է, որ հունական դիցաբանության մեջ անդրաշխարհի սուրբ գետը` Ստիքսը, պահպանում էր եռագլուխ շունը` Կերբերը:
Իսկ հայկական դիցաբանության մեջ հայտնի էր Առնակ անունով հոգեառը, որը նույնպես ուներ շան կերպար: Ղևոնդ Ալիշանը նշում է . "Առնակը Կրողի պես առող կնշանակե, և միևնույն կնշանակեն Առնակ և Կրողն կամ Գրողն և Հրեշտակն չար" :
Առնակ անունը, ըստ Աճառյանի, ասորերեն harnaga բառի հայացված տարբերակն է, որը նշանակում է շնագայլ: Հունական դիցաբանության մեջ շան կերպարը նաև կապված է Հեկատե դիցուհու հետ, ով պատկերվում էր շան տեսքով կամ շրջապատված ստիքսյան շներով: Նա տանջալից երազներ է ուղարկում մարդկանց և կորստյան մատնում նրանց:
Հիշենք նաև Արտավազդի առասպելը, որտեղ երկու գամփռ շները լիզում էին նրա շղթաները: Այդ շներից մեկը սև էր, մյուսը սպիտակ: Սև շունը խորհրդանշում էր կապը "մութ աշխարհի հետ", իսկ սպիտակը` "լույս աշխարհի հետ" :
Այսպիսով երկու դիցաբանություններում էլ շունը կարծես երկու աշխարհների միջև կապ հաստատող խորհրդանիշ է:
Հաջորդիվ կկարդաք Գրողի կերպարի մասին...