Saturday, July 23, 2011

Առաջին հայկական ֆիլմը "Նամուս"?


Բոլորս գիտենք, որ առաջին հայկական ֆիլմը Համո Բեկնազարյանի "Նամուս" ֆիլմն է, որն արտադրվել է 1926 թ.-ին: Սակայն...
Հայկական կինոյի պատմության սկիզբ համարվում է 1923 թվականը, որբ Երևանում հիմնադրվեց կինոստուդիա և նկարահանվեց առաջին հայկական շարժանկարը` "Խորհրդային Հայաստանը":
Իսկ ում է հայտնի, որ կինոստուդիայի բացումից դեռևս 11 տարի առաջ` 1912 թվականին Եգիպտոսում տեղի հայերի կողմից ստեղծվեց առաջին հայկական ֆիլմը: Ժապավենը, ցավոք, չի պահպանվել, սակայն կա շարժանկարին նվիրված 15 էջանոց մի գրքույկ, որը մանրամասներ է հաղորդում ֆիլմի վերաբերյալ: Այն պարզապես կոչվել է "Հայկական սինեմա", և այն իրականացրել է եգիպտահայ հրատարակիչ և գրավաճառ Վահան Զարդարյանը:
1912 թ. նա ձեռնամուխ եղավ ֆիլմի ստեղծմանը, որին մեծ աջակցություն ցույց տվեց ՀԲԸՄ նաղագահ Պողոս Նուբար Փաշան:
"Հայկական սինեմայի" առաջին ցուցադրությունը կայացել է 1913 թվականի մարտի 13-ին Կահիրեյում, երկրորդը` մարտի 22-ին Ալեքսանդրապոլում:
Կինոնկարը բաղկացած է եղել 5 մասից, որտեղ ներկայացվել է Հայոց պատմությունը` Ուրարտուից մինչև ժամանակակիցներ: Ասում են, որ այն բաղկացած է եղել լուսանկարներից, ուստի և ֆիլմ այն որոշ հեղինակներ չեն համարում, սակայն կան վկայություններ, որ այնտեղ նաև շարժապատկերներ են եղել: Ժամանակի մամուլը վկայում է, որ այն ցուցադրվել է ԱՄՆ-ի 13 քաղաքներում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում:
Մտածել է պետք...

աղբյուրը` Արծվի Բախչինյան "Հայերը համաշխարհային կինոյում"

Wednesday, June 8, 2011

Մխիթարյան միաբանություն

Իտալիայի հայկական համայնքի տակ շատ անգամ պատկերացնում են հենց Մխիթարյան միաբանությունը: Ճիշտ է, Իտալիայի հայ համայնքը շատ ավելի մեծ է ու նշանակալի, սակայն Մխիթարյան միաբանությունն, իհարկե, իր ուրույն տեղն ունի: Իրականում միաբանությունը սկսել է գործել դեռևս 1701 թվականին Կոստանդնուպոլսում: Վենետիկի Սուրբ Ղազար կղզի տեղափոխվել է 1717-ին: Հիմնադիրը մի հոգևորական էր Մխիթար անունով, ով եկել էր Սեբաստիայից` Մխիթար Սեբաստացին: Մինչ այդ կղզին պատկանում էր տեղի իշխանություններին և ծառայում էր որպես անկելանոց: Արդեն 1715-ին այն հանձնվեց հայ հոգևորականներին: Մխիթարյան միաբանությունն իրենից ներկայացնում է հայկական մշակույթի, պատմության, աստվածաբանության, փիլիսոփայության, լեզվի և գրականության պահպանման մի խոշոր կենտրոն: Միայն Սեբաստացին շուրջ 20 հատոր գիրք է գրել: Դրանցից ամենահայտնին "Բառագիրք հայերեն լեզվի"-ն է, որի ստեղծման աշխատանքները տարվել են շուրջ 25 տարի: Միաբանությունը գոյություն ունի արդեն ավելի քան 300 տարի, որի ընթացքում այնտեղ այցելել և ուսանել են բազմաթիվ հայտնի մտավորականներ, որոնցից մեկն էլ անգլիացի գրող Ջորջ Գորդոն Բայրոնն է: Հայտնի է, որ նա հայերեն է ուսանել Հարություն Ավգերյանի մոտ:
Մխիթարյան միաբանությունը մինչ այժմ բացել է 25 դպրոց, որոնցից պահպանվել են միայն 5-ը: Այժմ միաբանության կազմում կան 26 միաբաններ, ովքեր շարունակում են հայապահպան գործունեությունը:

Thursday, March 31, 2011

Յուսուֆ Քարշ

Յուսուֆ Քարշը աշխարհահռչակ հայ լուսանկարիչ է: Նա լուսանկարել է այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Հեմինգուեյը, Յունգը, Չերչիլը, Մայր Թերեզան, Էյնշտեյնը, Միրոն, Քամյուն, Գագարինը և շատ այլ հայտնի մարդիկ:
Քարշն ապրել է 1908-2002 թթ, ծնվել է Արևմտյան Հայաստանում: Նրա ընտանիքը փրկվել է Մեծ Եղեռնից: Սակայն 1924 թվակաին թուրքական ռեպրեսիաները դեռ շարունակվում էին, ուստի 16-ամյա Յուսուֆին ուղարկում են Քվեբեք հորեղբոր` լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանի մոտ: Այդտեղից էլ ծնվում է սերը լուսանկարչության նկատմամբ:
1992-ին 83-ամյա Քարշը հրապարակումէ "Ամերիկայի ամենահայտնի 73 կանայք և տղամարդիկ" գիրքը:
2000 թ "Ով ով է" հայտնի պարբերականը Յուսուֆ Քարշին ընդգրկեց աշխարհում ամենահայտնի 100 մարդկանց ցանկում, ընդ որում Քարշը այդ 100 հոգուց 51-ին լուսանկարել էր:
Նա մահացել է 2002 թ` Բոստոնում: Իսկապես "Դիմանկարի արքա"` Յուսուֆ Քարշի մի քանի աշխատանքներ.

Friday, February 25, 2011

Եկեղեցիներ մեհյանների փոխարեն



Հեթանոսությունից քրիստոնեության անցումը բավականին դժվար երևույթ էր: Դարավոր հավատալիքը պետք է փոխվեր: Մարդիկ սովոր էին հաճախել հեթանոսական մեհյաններ, ուստի, որոշ եկեղեցիներ կառուցվել են հեթանոսական մեհյանների տեղում, դրանց ավերակների վրա, որպեսզի մարդիկ, սովորության համաձայն այնտեղ գնային: Այստեղ կնշենք դրանցից երեքը: Այսպիսով`
դրանցից առաջինը սուրբ Կարապետն է, որն այժմ գտնվում է Մուշում, և որից ավերակներ են մնացել:
Այստեղ հեթանոսության ժամանակ եղել է Գիսանե և Դեմետր աստվածությունների կուռքը: Այս վայրը նաև անվանում էին "Դիվաց դուռ", այստեղ հրեշներ էին ապրում և մահացած մարդկանց և կենդանիների ոգիներ: Այն նաև անվանում էին Իննակնյա տեղիք, այսինքն "ինը աղբյուրի տեղ", այս աղբյուրները նույնացվում են հունական Հադեսի թագավորության սուրբ գետի` Ստիքսի հետ: Գուցե հենց դրա պատճառով էլ Գրիգոր Լուսվորիչը առաջինն այս կուռքերն ավերեց և դրա վրա կառուցեց սուրբ Կարապետ

վանքը: Ըստ ավանդության` նա այդպիսով փակում էր հրեշների ելքը աշխարհ:
Հաջորդ եկեղեցին սուրբ Հռիփսիմեն է: Այս եկեղեցին գտնվում էր Էջմիածնի համալիրի մեջ, այն կառուցվել է Միհրի տաճարի վրա 618 թվականին Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի կողմից:
Եվ վերջապես Էջմիածնի Մայր Տաճարը: 1950 թվականին հայտնաբերվում է, որ եեղեցու տակը հեթանոսական մեհյան կա: Սկսվում են պեղումներ, և այնտեղ հայտնաբերվում են մ.թ.ա. 4-2 դդ. մեհյան, ոևը ենթադրվում է` պատկանել է Սանդարամետ աստծուն, որը նույնպես մահվան աստվածություն էր: Այնտեղ հայտնաբերվել է նաև կարաս, որի մեջ մոխիր կար, որից էլ ենթադրվում է, որ այնտեղ զոհաբերություններ են կատարվել: Կարծում եմ այդպիսի եկեղեցիները շատ են Հայաստանում, սակայն դեռևս սահմանափակվենք այսքանով:

Tuesday, February 15, 2011

Երկիրը կլոր է????հմմմ...

Երկրի կլորության հարցը տանջել է բոլոր հին քաղաքակրթություններին: Ամեն ազգ ունի իր ազգային ավանդույթներն այդ մասին:
Հայերի մոտ կային մի քանի պատկերացումներ: Ըստ դրանցից մեկի` Երկիրը գտնվում է մի մեծ եզան կոտոշների վրա: Ընդ որում նաև հրաշալի բացատրվում էր մեր տարածաշրջանին բնորոշ աղետներից մեկը` երկրաշարժը: Ասում էին, որ եզան մոտ մի ճանճ կար, որը գալիս նստում էր նրա աչքերին: Եզը գլուխը թափահարում էր, առաջանում էր երկրաշարժ:
Մեկ այլ պատկերացման համաձայն` Երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան անունով ձկան մարմնով: Նրա գլխի ու պոչի միջև մի թիզ տարածություն կա: Ձուկը կարծում է, թե պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ, ուստի նա շարունակ հետապնդում է նրան, ուզում է բռնել նրան ու կծել: Սակայն դա նրան չի հաջողվում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը նա մի մազաչափ իսկ չի աճում: Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, աշխարհը կքանդվի: Իսկ երկրաշարժն այստեղ բացատրվում էր հենց իր պոչը բռնելու համար արվող շարժումների հետևանքով: Լևիաթանի գլխին մի մեծ ադամանդ կա, որը գիշեր-ցերեկ լույս է տալիս: Երբ նա ջրի մեջ շարժումներ է անում , գլխի ադամանդի շողերը փայլում են աշխարհի տարբեր կողմերում:

Saturday, February 5, 2011

Արևամայր և Արևամանուկ


Ինչպես և խոստացել էի, կարճ կներկայացնեմ Արևամանուկի և Արևամոր առասպելը
Մի մեծահարուստ մարդու որդի`Արևամանուկ անունով, շատ էր սիրում գնալ որսի, և շատ շվայտ կյանքով էր ապրում: Ամեն օր գնում էր որսի և առավոտյան որսով վերադառնում: Մի անգամ էլ որսի գնալիս նրան 3 օր չի հաջողվում որս անել:
Եվ նա մտածում է, որ եթե ինքը չի կարող այլևս որս անել ու զվարճանալ, ուրեմն թող աշխարհն էլ կործանվի: Եվ որոշում է նետահարել Արևին, որ աշխարհը մթնի: Սակայն առավոտյան երբ փորձում է նետահարել Արևին, վերջինը նրան ապտակում է և նետում մի անմարդաբնակ կղզի, և անիծում, ար նա այլևս լույս չտեսնի:
Այդպես ապրում է Արևամանուկը` գիերները որս անելով, իսկ ցերեկները թաքնվելով լույսից: Մի անգամ այդ կղզի մի կին է գալիս, սիրահարվում է Արևամանուկին, և նրանք ամուսնանում են և մի տղա ունենում: Արևամանուկը կնոջն ու երեխային ուղարկում է իր ծնողների մոտ` նամակում գրելով, րո ինքն անիծված է , և չի կարող գնալ իրենց մոտ, ուստի և կնոջն ու երեխային է ուղարկում:
Ամեն երեկո կինը երգում էր իր երեխայի համար, իսկ Արևամանուկը գալիս էր պատուհանի մոտ և ձայնակցում նրան: Արևամանուկի ծնողները կասկածում են հարսին հավատարմության մեջ և որոշում են տեսնել, թե ում հետ է նա երեկոները երգում և տեսնում են, որ դա իրենց տղան է: Նրանք որոշում են, որ տղան պետք է մնա իրենց հետ, սակայն Արևամանուկն ասում է, որ նա կմեռնի, եթե մնա: Սակայն ծնողները չեն լսում և պահում են նրան: Առավոտյան Արևամանուկը կիսամեռ ընկնում է: Այդ օրը մայրը երազում մի ձայն է լսում, որն ասում է. "Հագիր երկաթե տրեխներ ու երկաթե գավազան վերցրու և քայլիր դեպի արևմուտք, երբ տրեխներդ ծակվեն, գավազանդ էլ կոտրվի, այնտեղ գտնես որդուդ բուժման ճանապարհը":
Մայրն այդպես էլ անում է, և գավազանը կոտրվում է ուղիղ Արևամոր և Արևի տաղավարի մոտ: Մայրն անցնումէ 12 բակերի միջով և հասնում Արևամոր մոտ: Մայրը նրանից օգնություն է խնդրում, սակայն Արևամայրն ասում է, որ Արևամանուկը չար է և փորձել է սպանել Արևին: Սակայն մոր աղաչանքներից հետո համաձայնվում է օգնել: Եվ ասում է, որ երբ Արևը տուն գա, թող նա թաքնվի, երբ Արևը լոգանք կընդունի և կգնա կուրծք ուտելու, թող վերցնի ավազանի ջրից և տանի ցանի Արևամանուկի վրա, դա նրան կբուժի:
Մայրն այդպես էլ անում է, և Արևամանուկը բուժվում է:

Thursday, January 20, 2011

Արևի և Լուսնի մասին առասպելները

Արևի և Լուսնի մասին առասպելներ կան գրեթե բոլոր մշակույթներում, բացառություն չէ և Հայաստանը: Կան բազմաթիվ առասպելներ`նվիրված Արևին և Լուսնին, Այս նյութում կանդրադառանք դրանցից մի քանիսին:
Շատ մշակույթներում Արևը պատկերվում է արական սեռի, իսկ Լուսինը` իգական, սակայն հայկական առասպելաբանության մեջ Արևը պատկերվում է իգական սեռի, իսկ Լուսինը` արական: Արևն ու Լուսինը, սովորաբար, պատկերվում էն որպես քույր և եղբայր, իսկ որոշ դեպքերում` ամուսիններ:
Այսպես` մի առասպելում Արևն ու Լուսինը Աստծո զավակներն են, և հոր հրամանով նրանք պարտավոր են գիշեր-ցերեկ հսկել աշխարհը: Եվ քույր ու եղբայար վիճակ են գցում, թե ով է հսկելու գիշերը, վիճակն ընկնում է քրոջը` Արևին, այդ առիթով նրանք վիճում են. աղմուկի վրա գալիս է հայրը և Լուսնին կարգադրում հսկել գիշերը, Արևին` ցերեկը: Արևն ասում է , որ ամաչում է ցերեկն երևալ մարդկանց աչքերին, ուստի Աստված նրան մի բուռ ասեղ է տալիս և ասում, որ ով համարձակվի իրեն նայել, թող ծակի:
Կան մի քանի այլ ավանդապատումներ ևս: Ըստ դրանցից մեկի` Արևի ու Լուսնի մայրը մի օր խմոր է հունցում, երբ քույր ու եղբայր կրկին սկսում են վիճել, թե ով որ ժամին է դուրս գալու, երբ մայրը ջղայնանում է և խմորոտ ձեռքով ապտակում է Լուսնին և տանից դուրս գցում, այստեղից էլ առաջացել են Լուսնի դեմքի վրայի բծերը (մոր խմորոտ ձեռքերից) :
Արևի և Լուսնի առասպելներում նաև վառ արտահայտված է ինցեստի գաղափարը: Ըստ ավադության ` մի օր Արևն ու Լուսինը գնում են լողանալու: Լուսինը շուտ լողանում և ջրից դուրս է գալիս և սպասում է մինչև Արևը դուրս գա, որպեսզի տեսնի նրա մերկությունը: Արևը կռահում է եղբոր դիտավորությունը և ամոթից երկինք բարձրանում: Լուսինը, նրան հետապնդելով, երկինք է բարձրանում ու մինչը հիմա ընկած է Արևի հետևից, ուզում է հասնել, բայց չի կարողանում: Արևը սուր ասեղներով ծակծկում է Լուսնի և բոլոր նրանց աչքերը, ով համարձակվում է նայել իրեն:
Թերևս այսքանը Արևի և Լուսնի հերթափոխի մասին, հաջորդիվ կներկայացնենք Արևամոր և Արևամանուկի մասին առասպելները: