Tuesday, August 24, 2010

Խաչքար, թե կարպետ???

Հետաքրքիր է, որ կարպետների և խաչքարերի զարդանախշերն ունեն նմանություններ: Նախ` նման է նրանց կոմպոզիցիան` կենտրոնական և շրջանակի նախշերի կառուցումը:
Հատկապես խաչքարին նմանություն ունեն Կեսարիայի և Սեբաստիայի կամարաձև կարպետները: Խաչքարի կենտրոնական քանդակները կրոնական-քրիստոնեական բնույթի են, դրանց պատկերաձևերը կարպետներում չեն կրկնվել (հանդիպում է պատի գորգերում), գուցե այն պատճառով, որ ոտքի տակ չտրորվեն: Կրկնվել են առանձին մոտիվներ և շրջանակի զարդաձևերը (աստղը, աստղածաղիկը, խաչերից կազմված և ձևավորված ռոմբաձևերը, ութանկյունիներ և այլ նախշեր):

Sunday, August 22, 2010

Երկու երեսանի ("մատնաքաշ") կարպետներ

Կարպետների մյուս տեսակը երկու երեսանի կամ մատնաքաշ կարպետներն են, որոնք կարպետագործության մեջ հիմնական տեղն են զբաղեցնում: Այն գործել են ուղղահայաց պատին հենած տորքի վրա: Ամեն մի կարպետ ունի կենտրոնի, մակերեսի զարդանկարներ ու նրանց շրջանակ-հաշյա:
Երկերեսանի կարպետների նախշերն ավելի խոշոր են, քան այլ գործվածքներում: Մեծ մեդալիոնները կրում են հայակական տոնական հացի անուններ` " գաթա", "բաղարջ", "կրկենի":
" Գաթաների" վրա սովորաբար նկարված են լինում խաչեր, աստղածաղիկներ, արև և այլն: Ամենատարածված զարդանախշերից էին խաչերն ու աստղածաղիկները: Հատկապես ռոմբաձև ութ թերթիկով աստղածաղիկը մեծ տեղ ունի կարպետագործության մեջ:
Երզնկայից պահպանված մի կարպետի ողջ մակերեսը զբաղեցնում են խոշոր չափերի աստղածաղիկներ: Հանդիպում են նաև կրկնակի քառակուսուց ստացված ութ սուր ծայրերով նախշը կամ հատված ութանկյունի ձևը: Մի շարք կարպետներում հանդիպում է նաև կենաց ծառը, որը հաճախ մտնում է ութանկյան կամ վեցանկյան մեջ:
Դեռևս այսքանը երկու երեսանի կարպետներից, նույն կարպետի մնացած զարդանախշերից կգրվեն հաջորդ նյութերում: